ՌԴ-ում ապաստանած Միհրան Պողոսյանի քաղաքական ուժը՝ «Հայոց համազգային միասնություն»-ը, ինչպես հայտնի է՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավատարիմ հետեւորդներից է, ինչպես նաև՝ ակտիվ մասնակիցներից։
Կուսակցության մոտ 10-15 անդամներից կազմված «գրուպա պադերժկին» շարժման երեւանյան ակցիաների առաջին օրերին ակտիվ մասնակցում էր, մասնակցության փաստն ապացուցող լուսանկարներն էլ զետեղում կուսակցության ֆեյսբուքյան էջում։ Վերջին մի քանի շաբաթներին, սակայն, կուսակցության անդամների «սրբազան արկածների» մասին վկայող լուսանկարներ ՀՀՄ-ի ֆեյսբուքյան սույն էջում չեն հանդիպում։ Փոխարենը էջն այդ պարտաճանաչորեն տիրաժավորում է շարժման ֆեյբուքյան՝ «Տավուշը հանուն հայրենիքի» էջի ողջ բովանդակությունը՝ բոլոր հայտարարություններն ու գրառումները, սրբազանի հայտարարություններից արված մեջբերումները։ Տպավորություն է, թե «Քեթրինի Միհրան»-ի կուսակցության ֆեյբուքյան էջը շարժման պաշտոնական՝ «օրիգինալ» էջի «լյուքս քոփի»-ն է։
Ի դեպ, սույն լուսանկարը զետեղված է ՀՀՄ-ի ֆեյսբուքյան էջում՝ «Իրազեկման ակցիա Երեւանում» գրառմանը կից։ Դատելով այս երփներանգ ժապավենների վրա գրված «սիրո խոստովանությունից» (ենթադրում ենք՝ դրա հեղինակները ՀՀՄ-ականներն են), Միհրան Պողոսյանն, իբրեւ կուսակցության առաջնորդ, ի դեմս Բագրատ Գալստանյանի կոնկուրենտ ունի՝ «Առյուծ Առաջնորդ», «Սրբազան Թագավոր», «Սիրելի Սրբազան»։
Նկատենք, որ տևական ժամանակ է, ինչ մի քանի դրվագով քրեական հետապնդման ենթարկվող Պողոսյանը ՌԴ-ի իր գրասենյակից լայվ չի մտել, ՀՀ իշխանություններին «հաթաթաներ» չի տվել, հրաժարական տալ չի պահանջել, հայ ժողովրդին էլ ոտքի կանգնելու հորդորներ չի հղել։ Մի տեսակ անհանգիստ ենք՝ հո բան չի՞ պատահել։